ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական վերահսկողական միջոցառումներն ու մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ մասնավորապես՝ կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր։ Մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ:
Նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:
Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների, ուղևորների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու պարետի կողմից սահմանված անվտանգության կանոննները։
Մարզերում և Երևան քաղաքում տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը։