Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ քրդական ցույցերի մասնակիցներին չհամարել ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցներ: Այս մասին արտգործնախարարությունը հայտնել է Վիեննայում նախարարի և Թուրքիայի դեսպանի միջև զրույցից հետո, հաղորդել է Reuters-ը:
«Նախարարը հորդորել է հետագայում խուսափել նման հայտարարություններից: Հավաքների և արտահայտման ազատության իրավունքը Ավստրիայի մեծ հարստություն է»,- ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի դեսպանի հետ զրույցի պատճառը Վիեննայում քրդական ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգություններն են: Չորս օր թուրքական ծագմամբ ագրեսիվ երիտասարդները հարձակվել են ցուցարարների վրա, վիրավորել նրանց, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր ու պայթուցիկ սարքեր, հանդես եկել «գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական կազմակերպության խորհրդանիշներով, ինչն արգելված է Ավստրիայում:
Անկարան էլ իր անհանգստությունն է հայտնել թուրքական ծագմամբ երիտասարդների նկատմամբ ավստրիական ոստիկանության ծայրահեղ գործողությունների առիթով: