Անկարայում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանին կկանչեն Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը Վիեննայում քրդերի անցկացրած ակցիաներն են, որոնք, ըստ թուրքական կողմի, կազմակերպել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության համակիրները: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բացարձակապես անընդունելի են նշված ակցիաների միջոցով ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության քարոզչության իրականացումը թույլատրելը, կազմակերպության խորհրդանիշերի օգտագործման վրա աչք փակելն ու մեր երկիրը թիրախավորելը»:
Հայտարարության մեջ դատապարտվել է նաև Ավստիայի ոստիկանությունը, որի գործողությունների ժամանակ, թուրքական կողմի պնդմամբ, մարմնական վնասվածքներ են ստացել տեղաբնակ թուրք երիտասարդներ։
«Վիեննայում PKK-ին հարող խմբերի քառօրյա ակցիաների, ինչպես նաև Ավստրիայի անվտանգության ուժերի կողմից թուրք երիտասարդների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ մեր մտահոգությունները փոխանցելու նպատակով Անկարայում ավստրիայի դեսպանը կկանչվի արտգործնախարարություն»,- ասված է հայտարարության մեջ: