Պեպո, Զիմզիմով ու այլ հերոսներ, որոնց կերպարները հայ գրականության մեջ իրենց ուրույն արտացոլումն են ստացել սունդուկյանական գրչի վարպետությամբ: Այսօր հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 195-ամյակն է։
Սունդուկյանը համարվում է հայ գրականության ռեալիզմի սկզբնավորողներից մեկը, որի մի շարք պիեսների հիման վրա տարբեր ներկայացումներ են բեմադրվում՝ «Խաթաբալա», «Պեպո» և այլն: Սունդուկյանը գրել է նաև կյանքի դրամաները բացահայտող կատակերգություններ: Հանրությանը հայտնի «Պեպո» կատակերգությամբ դրամատուրգը ներկայացրել է երկու հակադիր սոցիալական խավեր։
Գործողությունների կտրուկ զարգացմամբ դրամատուրգը ներկայացրել է արատավոր երևույթների դեմ իր բողոքը: 1871-ի ապրիլի 30-ին Թբիլիսիի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն»: Պեպոյի դերակատարը անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր: Պիեսում արտացոլված են սոցիալական խնդիրներ, հերոսի պայքարը արդարության համար։ Պեպոյի սյուժեն նաև էկրանավորվել է, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։
Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված է դրամատուրգի կիսանդրին (1972 թ.): Սունդուկյանը նաև ճանաչված հասարակական գործիչ է եղել: