Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար կարգով մասնակցել է «Օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման խթանման համար» խորագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին՝ տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և դատական հավակնոտ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:
Քրիստիննե Գրիգորյանը, բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի հետ Կառավարության շարունակական համագործակցության օրակարգը, անդրադարձել է Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումների համապարփակ շրջանակին՝ գործընկերներին ներկայացնելով 2019 թվականին Կառավարության կողմից հաստատված Դատական և իրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունները և դրանիցից բխող գործողությունների ծրագրերը:
Վերոնշյալ ռազմավարությունների համատեքստում փոխնախարարը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխիքների բարելավման, դատավորների և դատախազների ընտրության, գույքային դրության ստուգման նոր ընթացակարգերը, էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, իրական սեփականատերերի բացահայտման, ազդարարների պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման գործընթացները, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի, ընտանեկան բռնության և ատելության խոսքի կանխարգելման գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված ջանքերը:
Անդրադարձ է եղել նաև ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրին:
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին ընդառաջ Կառավարության կողմից կիրառված իրավական մեխանիզմները և ներդրված թվային գործիքակազմը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին նախանշած բարեփոխումների ուղղությամբ գործուն աջակցության և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ Կառավարությունն ունի բավարար վճռականություն և հանրային լայն աջակցություն նախանշած բարեփոխումների օրակարգի առաջմղման համար: