Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությանը:
«Շաբաթ և կիրակի օրերին մենք սոցիալական ցանցերում տեսանք և իմացանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացությունների մասին, տեսնում ենք, որ ի հեճուկս այն բանի, որ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումներ, դրանք ըստ էության չեն օգտագործվում:
Բայց այս ամենը չեմ ասում, որ որևէ մեկին մեղադրեմ այս ամենի համար, հարկ եմ համարում ընդգծել, որ հիմա արդեն մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս՝ առանց բացառության, որտեղ, ինչքան կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բոլորս կարիք ունենք վերանայելու մեր հակահամաճարակային վարքագիծը, հակառակ դեպքում իրավիճակը հաղթահարելի չի լինի:
Վարչապետի խոսքով՝ պետական կառավարման մարմինները՝ մաքսատները, պետհամարանիշներ տրամադրող մասնաճյուղերը, անձնագրային բաժինները, առողջապահական կազմակերպությունները, սոցաջակցության կենտրոնները, քննական կենտրոնները, զորակոչային հավաքակայանները առաջին հերթին պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները, և դրանց ղեկավարները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն իրենց կազմակերպությունների տարածքում հակահամաճարկային կանոնների պահպանման համար:
«Կազմակերպությունները պետք է ստանձնեն պատասխանատվություն ոչ միայն իրենց տարածքում, այլև իրենց հարակից տարածքներում հերթերի պահպանման համար»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով այսօր հրապարակած իր լուսանկարը, որում երևում է՝ բանկերից մեկի դիմաց գծանշումներ կան, բայց մարդիկ հերթեր են պահում առանց սոցիալական հեռավորության մասին հոգ տանելու:
Ըստ Փաշինյանի՝ ոստիկանությունը պետք է նախ ինքն իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր պատասխանատվություն ցուցաբերի, և անտարբեր չպետք է անցնեն խախտման ոչ մի դեպքի կողքով: Վարչապետը հավելեց՝ այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական ջանքերից ու կամքից, և պետական մարմինների գործունեությունը պետք է շարունակություն ստանա քաղաքացիների անհատական վարքագծի փոփոխությամբ:
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որևէ տեղում հակահամաճարակային կանոն չպահելու արդյունքում կարող է և մեծ հավանականությամբ ինչ-որ մեկի դատապարտում է մահվան: Մեզնից յուրաքանչյուրի հակահամաճարակային կանոնների պահպանումը կարևոր է ոչ այնքան և ոչ միայն մեր անհատական ճակատագրի առումով, այլև, մեծ հավանականությամբ, մենք խախտումներով մահվան ենք դատապարտում ուրիշների»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեր ունեցած դեպքերի ծավալը ցույց է տալիս՝ յուրաքանչյուրս ինչ-որ բան այն չենք արել:
Ըստ Փաշինյանի՝ պրոֆեսիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը կարգապահության ավելացումն է, որի արդյունքում տնտեսական ճգնաժամն ու դժվարությունները կհաղթահարենք հնարավոր ամենալավ սցենարով:
«Եթե անհատական վարքագիծը լինի ճիշտ, կարիք չի լինի տոտալ սահմանափակումների գնալ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այսօր 123 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 529 հիվանդի վիճակը ծանր է, իսկ 1739 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ: