Իմ քայլը խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի էջում նույնպես անդրադարձել է գույքահարկի փոփոխություններին, կատարելով հետևյալ գրառումը․
«Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում տեղադրեմ պարզաբանող նկարներ։
Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։ Ինչպես տեսնում եք մինչև 3 մլն դրամանոց գույքը չէր հարկվում։ ՆՇԵՄ, որ համայնքները անապահով խավերի համար հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ տան։ Ձեր նշած տատիկ-պապիկներն ամենայն հավանականությամբ կօգտվեն այդ արտոնությունից։ Իհարկե մենք պետք է մշակենք մեխանիզմներ/չափանիշներ այս մասով հստակության ու հաշվետվողականության համար։
Նկար 2-ում ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններն են շուկայական մոտարկված արժեքներով հարկման սանդղակներով։ Ինչպես գիտեք վեց տարվա սցենար է դրված, որը և ներկայացված է վճարման ենթակա տարեկան գույքահարկով։ Պետք է նշեմ, որ 200 մլն գույքից բարձրը դիտարկել ենք, որպես շքեղություն և դրա համար էականորեն բարձրացրել ենք դրույքաչափը», - գրել է Մանուկյանը։