ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Գյումրի քաղաքում:
Հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են տարաբնույթ խախտումներ և թերություններ: Մասնավորպես՝ միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող երթուղիներում հայտնաբերվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ալկոհոլային հիմքով ախտահանիչ հեղուկները եղել են ոչ պատշաճ որակի, և տեղում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում վարորդների կողմից թերություններն անմիջապես շտկվել են։ Նշված տրանսպորտային միջոցներում այլ բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել։
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, ինչպես մնացած բոլոր դեպքերում, Շիրակի մարզում ևս գերակշռող խախտումը դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին, ուղևորի նստեցմամբ փոխադրում կատարելու դեպքերն են, ինչպես նաև հայտնաբերվել են վարորդներ, որոնք չեն կրել դիմակ։ Արձանագրված տվյալ խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ մնացած թերությունների դեպքում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ:
Տեսչական մարմնի աշխատակիցները, վերահսկողությանը զուգահեռ, հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում իրականացնում են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ: ՔՏՀԱՏՄ վերահսկողական աշխատանքները շարունակվում է նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում։