Հունիսի 27-ը Կամենեց Պոդոլսկիի Հայկական Տիրամոր օրն է՝ հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Տոնի կապակցությամբ Ուկրաինայում ավանդաբար մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։
Ինչպես պարբերականին հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, այս տարի, կարանտինային միջոցառումների պատճառով, «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն հիմնականում հայկական եկեղեցիներում: Իսկ Կամենեց Պոդոլսկիի ավանդական ուխտագնացությունը, համաձայն բոլոր կարանտինային չափանիշների, տեղի կունենա վաղը՝ հունիսի 28-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Յակով արքեպիսկոպոս Թումանովիչի կարգադրությամբ արդեն 229 տարի նշվում է «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրը։
Հայտնի Է, որ «Հայկական Տիրամոր» սրբապատկերը մեծարել են Կամենեց Պոդոլսկի քաղաքի քրիստոնյա բոլոր հավատացյալները՝ ուկրաինացիները, հայերը և լեհերը:
Սուրբ Նիկոլայի տաճարի «Տիրամայրը» քաղաքի բնակիչների կողմից մեծարվել Է որպես Հովանավորուհի. ավանդազրույցների համաձայն՝ նա քանիցս Կամենեց Պոդոլսկին փրկել է զավթիչներից:
1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերը և Կամենեց Պոդոլսկիի վերակառուցված Սուրբ Նիկոլայի եկեղեցին վերստին հանդիսավորությամբ օծվել են, և արքեպիսկոպոս Յակով Տումանովիչը կարգադրել է այդ օրը՝ հունիսի 27-ը, նշել որպես տոն: Նույն այդ ժամանակ էլ պատրաստվել է հատուկ հրովարտակ, որտեղից Էլ հայտնի Է ստույգ ամսաթիվը:
Կամենեց Պոդոլսկիի «Հայկական Տիրամոր» լեգենդար սրբապատկերը, որն անցյալ դարի 20-ական թվականներին կորսված էր համարվում, 2011 թվականին նույնականացվել է մասնագետների կողմից:
Ինչպես ավելի վաղ նշել է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ և հնարավոր ամեն ինչ անում ենք հայկական պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման համար: