ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 24-ին Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։ Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։
Մեքենան էլ կնիքվել է և չի շահագործվում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրա ծառայություններից օգտված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար՝ գիտակցմամբ, որ դա միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու համար։ Այս համատեքստում ոստիկանության տարաբնույթ միջոցառումները շարունակվում են։