Սեպտեմբերին կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի դեպքում կարող են մահանալ միլիոնավոր մարդիկ: Նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ գրում է The Sun պարբերականը:
Նշվում է, որ երկրորդ մահացու ալիքը կարող է պատուհասել ամառային սեզոնից հետո:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը կորոնավիրուսի համավարակը համեմատել է իսպանական գրիպի հետ, որի վարքագիծը շատ նման է COVID-19-ի դրսևորած վարքագծին: Իսպանական գրիպը նույնպես անկում է ապրել ամռանը և կտրուկ վերսկսվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ երկրորդ ալիքի ժամանակ պատճառ դառնալով 50 միլիոն մարդու մահվան:
ԱՀԿ-ի նախազգուշացումները պայմանավորած են այն հանգամանքով, որ շատ երկրներում վարակի տեմպերի նվազմանը զուգահեռ թուլացվում են սահմանափակումները, ինչը կորոնավիրուսին հնարավորություն է տալիս ակտիվանալու: