Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որտեղ երեկ հրդեհ էր բռնկվել, իրականացնում է հերթապահություն։
Նշվում է, որ Ծիծեռնակաբերդի տարածքում միշտ հրշեջ ավտոմեքենա է հերթապահում: Նշված խումբը սկսել է հրդեհի մարման աշխատանքները՝ մինչ մյուս մարտական հաշվարկների մոտենալը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։