Ուկրաինայի Նախարարների խորհուրդը հայտնել է, որ վավերացրել են Թուրքիայի հետ ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը՝ գրում է Ermenihaber-ը։
Տվյալ համաձայնագրով նախատեսվում է, որ Ուկրաինան զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205 մլն թուրքական լիրա (մոտ 35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կստանա:
Նախարարների խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի համար որոշ ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում Թուրքիայի ԶՈՒ ուսումնական կենտրոններում ուկրաինացի զինվորականներին ուսումնառության ուղարկելու համար:
Հիշեցնենք, որ այդ համաձայնագիրը փետրվարի 3-ին ստորագրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Կիևում կայացած Թուրքիա-Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհրդի 8-րդ համաժողովի ժամանակ: