ՖԻՖԱ-ի շտաբ բնակարանում՝ Ցյուրիխում, տեղի է ունեցել հատուկ նիստ, որտեղ որոշվել է հաղթող երկիրը, որտեղ կանցկացվի 2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համատեղ հայտը ճանաչվել է լավագույն ընտրությունը։ Ավստրալիան և Նոր Զելանդիան միասին կընդունեն առաջնությունը։
Կանանց ֆուտբոլի աշխարհի 9-րդ առաջնությանը կմասնակցեն 32 հավաքականներ։ Հստակ օրերը դեռևս հայտնի չեն, սակայն ֆուտբոլային հանդիպումները տեղի են ունենալու 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Սիդնեյի աշխարհահռչակ Օպերային թատրոնի հարևանությամբ այս առիթով ողջույնի խոսք է ասել նաև Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլադիս Բերեջիկլյանը.
«Մենք ունենք աշխարհի լավագույն ենթակառուցվածքներից մեկը։ Մեզ մոտ են խաղում նաև լավագույն խաղացողներից շատերը, ունենք լավ ակումբներ, ու այդ միջոցառումը հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես կարող ենք մենք լավագույնս ընդունել նման մասշտաբի մարզական միջոցառում՝ նպաստելով, որ մարդիկ դառնան ավելի մտերիմ։ Դա հատուկ է մեզ՝ ավստրալացիներիս ու նորզելանդացիներին։ Սա նման լավագույն առիթն է ի ցույց դնելու մեր միավորող ջիղը՝ հանուն սպորտի ու հատկապես կանանց ֆուտբոլի»,- ասել է Բերեջիկյանը: