Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պատգամավորի պաշտպան Հրանտ Անանյանը։
«Ես կարծում եմ՝ դատական ակտ էլ դժվար է այն անվանել: Սա, իմ կարծիքով՝ խայտառակություն էր: Որևէ հիմք չկար, և կալանավորման պայմաններից էլ հիմնավոր կասկածներն էին բացակայում, բայց կալանավորման հիմքերը առավելապես բացակայում էին: Բացի դրանից, ինքն ընդգրկված է այն անձանց ցուցակում, այն խոցելի խմբում, որի նկատմամբ չի թույլատրվում կալանավորում կիրառել: ՄԱԿ-ի համապատասխան զեկույցները կան, Եվրախորհրդի զեկույցները դրա հետ կապված կան, Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի»,- ասաց պաշտպանը:
Անանյանն ընդգծեց, որ անմիջապես վերաքննիչ բողոք են ներկայացնելու։
Հիշեցնենք, որ 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):