Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» հայկական մենաստանի հարցը բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։
Վանի Աքբոյու թաղամասում գտնվող վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակ ավերվում է։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի՝ ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցը ժամանակին մոտ 300 կույսի է ապաստան տվել ու եղել է տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոնը:
«Ցավոք, տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով համալիրը գրեթե լիովին ոչնչացման եզրին է հայտնվել»,- նշել է պատգամավորը։ Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողներն, ըստ Փայլանի, գանձախույզների ուշադրության կենտրոնում են հայտնվում ու ավերվում իշխանությունների անտարբերության հետևանքով: