Սահմանադրական դատարան ենք եկել 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումի թղթային տարբերակը ՍԴ հանձնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նպատակը պարզ է: Երեկ էլեկտրոնային տարբերակով ուղարկել ենք 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումը` վիճարկելու նախօրեին ԱԺ-ում ընդունված օրենքի սահմանադրականությունը: Առավոտյան բնօրինակը` թղթային տարբերակը, հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին:
Նա նշեց, որ սահմանված ընթացակարգերով կան աշխատակարգեր, դիմումը կքննվի և կորոշվի` վարույթ կընդունվի՞, թե՞ ոչ, կորոշվի առավելագույնը 15 օրվա ընթացքում:
Իրավաչա՞փ է 26 ստորագրությունը, թե՞ ոչ: Իրավական հանրությունն այս հարցի շուրջ բաժանվել է երկու տարբեր կարծիքի: Սահմանադրական դատարանը կորոշի` ընդունո՞ւմ է մեր դիմումը որպես վարույթ, թե ոչ: Այլ գնահատական տալ չեմ կարող»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: