Այս տարի բուհերի ընդունելությունն իրականացվելու է մեկ քննությամբ, իհարկե, հաշվի են առնվելու նաև ատեստատի գնահատականները, օլիմպիադաներին մասնակցությունը և այլն: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ընդունելության քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին և անցկացվելու են ամսվա առաջին տասնօրյակի զույգ օրերին: Հուլիսի 2-ին կանցկացվեն օտար լեզվի քննությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն առարկաներից, հուլիսի 4-ին դիմորդները կհանձնեն քննություն հայոց պատմություն, աշխարահագրություն և քիմիա առարկաներից, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկա, հուլիսի 8-ին կանցկացվեն քննություններ հայոց լեզու, հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից:
Ա.Հարությունյանն ասաց, որ դիմորդներն անցագրերը կստանան իրենց էլեկտրոնային փոստին, կծանուցվեն նաև, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:
Նախարարը կարևորեց քննությունների ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: «Մենք խիստ միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի կարողանանք անցկացնել այս մեկ քննությունը: Մեր շատ գործընկերներ, համավարակով պայմանավորված, նշում էին, որ նույնիսկ այս մեկ քննությունը չպետք է անցկացվի, սակայն մենք հանձնառու եղանք, որ կարողանալու ենք պահել կանոնները: իհարկե, այս գործում կարևոր դեր ունեն կազմակերպիչները, դիմորդները, նրանց ծնողները: այս գործընթացում ներգրավվելու են նաև ՏԻՄ-երը, ոստիկանությունը»,- ընդգծեց նա:
Ա.Հարությունյանի խոսքով՝ ամենակարևորը՝ չպետք է թույլ տանք կուտակումներ քննական կենտրոնների մոտ: «Այս տարի մենք պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոն գնալուց, և ՏԻՄ-երը շատ խիստ միջոցներ են ձեռնարկելու կուտակումներ թույլ չտալու համար: Իմ խնդրանքն է, պահանջն է, հորդորն է, որ դիմորդը գա միայնակ կամ ունենա մեկ ուղեկցող: Ուղեկցելուց հետո ծնողնը կամ բարեկամը պետք է լքի քննական կենտրոնը և սպասի այլ վայրում, որպեսզի կուտակումներ չլինեն: Քննական կենտրոնների մոտ մեքենա չի կայանվելու, ծնողներ չեն սպասելու: Պարբերաբար երեք ծնող կմոտենան և կհետևեն քննության ընթացքին»,- ասաց նախարարը:
Քանի որ քննություններն անցկացվելու են մեկ փուլով, նա հորդորեց դիմորդներին այսօրվանից խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի քննության օրը վատառողջ դիմորդներ չլինեն: Ա.Հարությունյանը հայտնեց, որ քննական կենտրոն մտնելուց առաջ դիմորդները կջերմաչափվեն, կախտահանեն ձեռքերը, կպահպանեն սոցիալական հեռավորություն:
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի դիմորդների թիվը գերազանցել է 14 հազարը, 100 դիմորդ Հայաստան կժամանի արտերկրից: