ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր տեղեկացրել է, որ երեկվանից Հրայր Թովմասյանն արձակուրդ է մեկնել, իսկ ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը:
1lurer.am-ը Ղազարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է Գյուլումյանը կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, եթե այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով նա դադարում է լինել ՍԴ անդամ:
«Ես ինքս՝ որպես ՍԴ աշխատակազմի ղեկավար, որևէ մարմնից, որևէ պատասխանատու կոնկրետ պաշտոնյայից ինչ-որ մի գրություն, ծանուցում, որևէ փաստաթուղթ չեմ ստացել, որը որ պետք է վկայի, որի վրա հիմնվենք: Երեկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահը, կարգադրություն է ստորագրել արձակուրդ գնալու մասին և այդ կարգադրությամբ նշել է, որ դատարանի նախագահի պարտականությունները կատարում է տիկին Գյուլումյանը: Ես այս պահի դրությամբ չգիտեմ որևէ մարդու, որ պետք է զեկուցվի այսօրվա գործերը, որի վերաբերյալ նա որոշում կայացնի»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ղազարյանը:
ՍԴ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տիկին Գյուլումյանը հայտարարել էր, որ ըստ իր մեկնաբանության՝ կատարված սահմանադրական փոփոխությունները իրեն չեն առնչվում, քանի որ նա պաշտոնը ստանձնել է 2014 թվականին, լրիվ նոր հիմունքներով: «Այսինքն՝ ոչ թե շարունակել է իր նախկին պաշտոնավարումը, այլ դատավոր է ընտրվել լրիվ նոր հիմունքներով: Նրա մեկնաբանությամբ՝ ինքը դեռ պետք է պաշտոնավարի: Ավելին՝ 2020 թվականի ընթացքում ՍԴ փոփոխություններից հետո տիկին Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ՝ ՍԴ փոփոխություններից հետո: Իրականացված փոփոխություններով ոչ մի կերպ չի արտացոլվում»,- ասաց Ղազարյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդում են: