Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե իմ ամբողջ ընտանիքը: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ եղբայրը գտնվում է հիվանդանոցում, կինը նոր է դուրս գրվել, մյուս հարազատները բուժում են ստանում տանը: Ա.Մարտիրոսյանն ասաց, որ, ցավոք, կորոնավիրուսից մահացել է հայրը՝ 77-ամյա Աքիլես Մարտիրոսյանը:
«Ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա, կամ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ ապրիլյան պատերազմին հարձակվող ադրբեջանցի զինվորն անվտանգ է, կամ ադրբեջանական դրոնը կամ հրթիռն անվտանգ է»,- ասաց «Անտարեսի» տնօրենը:
Նա հորդորեց քաղաքացիներին՝ դիմակ կրել, պահպանել հեռավորություն և ախտահանել ձեռքերը: