Հունիսի 26-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ թողարկված և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը՝ տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Նամականիշի մարումն իրականացրին ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որի վրա ածուխով գրված է՝ «Մտանք Բեռլին»: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:
280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը 40.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
1992-ից առ այսօր «Հայփոստը» թողարկել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ: