Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է ֆրանսիացի բժիշկներին, որոնց թվում են նաև մեր հայրենակիցներ Լորան Փափազյանը և Հայկ Վարդանյանը: «Գնահատելի է, որ եկել եք օգնելու և աջակցելու ձեր հայաստանցի գործընկերներին ու մեր ժողովրդին: Հայաստանի նախագահն ու կառավարությունը մեծապես գնահատում են այն, ինչ դուք հիմա անում եք,- ընդգծել է նախագահը:- Ֆրանսիայում համավարակի հաղթահարման ծանրաբեռնված աշխատանքից հետո ձեր կողմից իսկապես համարձակ քայլ է գալ Հայաստան, որտեղ համավարակը շարունակվում է, ձեզ ռիսկի ենթարկել և օգնության ձեռք մեկնել»:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ բարեկամ Հայաստան այցելելու համար՝ նշելով, որ նրանք այս ընթացքում լինելու են Ֆրանսիայի դեսպանները Հայաստանի բուժհաստատություններում:
Նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ դժվարին պահին մեր երկրին աջակցելու համար:
Ֆրանսիացի բուժաշխատողները նշել են, որ պատրաստակամությամբ են օգնում հայաստանցի գործընկերներին, ովքեր համավարակի այս օրերին հսկայական ու առանձնահատուկ աշխատանք են իրականացնում:
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը ֆրանսիացի բուժաշխատողներին առաջարկել է համավարակից հետո կրկին այցելել Հայաստան, ինչպես նաև շարունակել մասնագիտական փորձի փոխանակումն ու կապերի հաստատումը հայ գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել նաև ուսանողների միջև՝ պահպանելով ու սերունդներին փոխանցելով բարեկամական ու եղբայրական հարաբերությունների ավանդույթները: