ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ վերադառնում է Ծիծեռնակաբերդից, որի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
«Երկու ժամ գտնվում էի այնտեղ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տարածքում, որը մոտ էր հրդեհի օջախին, սակայն ԱԻՆ աշխատակիցների հմուտ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ խոշոր հրդեհը մարել: Այժմ ընթանում են փոքր օջախների հրդեհաշիջման աշխատանքները, որը ղեկավարում է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ծիծեռնակաբերդում այս խնդիրը վաղուց կա, ոռոգման համակարգն ամբողջությամբ մաշված կամ թալանված է, բայց հիմա կառավարությունը գումարներ է հատկացրել, որպեսզի նոր աղբյուրից ջուր մատակարարվի և մեծացվի ոռոգվող տարածքները: Աշխատանքներն արդեն պետք է սկսկվեն: Կարծում եմ` դրանով հարցը կարող է լուծվել:
Այս տարածքի հետ կապված նաև քննարկումներ են ընթանում` ծրագրերի հետ կապված. կզարգանան կանաչապատ տարածքները` նոր ծառեր կտնկվեն, ոռոգման համակարգ կլինի, այն կդառնա Երևանը թթվածնով սնուցող տարածքներից մեկը: Հիմա լրջորեն քննարկում ենք այդ հարցը»,- ասել է Արայիկ Հարությունյանը: