ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հունիսի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ հերթական վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Վաղ առավոտից իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
Հայտնաբերված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վերջին օրերին վարչական տարբեր շրջաններից և մարզերից ստացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ օրեցօր արձանագրվում է խախտումների, թերությունների և՛ բնույթի, և՛ թվաքանակի նվազում։
Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմինը շարունակում է նաև իրականացնել իրազեկման, բացատրական աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում տեղում տալիս է պարտադիր կատարման ցուցումներ։
Հավելենք, որ ՔՏՀԱՏՄ-ի կողմից COVID-19 համավարակի հետագա կանխարգելման նպատակով իրականացվող վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։