Ճապոնիան բողոք է ներկայացրել Ռուսաստանին՝ Կուրիլյան կղզիների շրջանում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Ճապոնական կողմը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են Օխոտի ծովում՝ ներառյալ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի և Հաբոմայի կղզիների տարածքում: РИА Новости-ն շեշտել է, որ Մոսկվան նախկինում նախազգուշացրել էր Տոկիոյին հետազոտությունների մասին, որոնք կտևեն երեք ամիս:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև չի կնքվել խաղաղության պայմանագիր և դրա ստորագրման հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասի՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի կղզիների շուրջ չկարգավորված տարածքային վեճն է:
Ճապոնական կողմը Հարավային Կուրիլյան կղզիները անվանում է «հյուսիսային տարածքներ» և չի ճանաչում դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը: Մոսկվան, իր հերթին, չի ընդունում տարածքային վեճի փաստը: