Կորոնավիրուսի դեմ պայքարել եմ առաջին իսկ օրվանից: Դժվար է, բայց փորձել ենք ծանոթանալ այդ հիվանդության վտանգավոր և թույլ կողմերին: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:
«Առաջին հիվանդին տեսնելիս խուճապի մատնվեցինք, բայց մեզ հավաքեցինք: Հիվանդությունը որքան արագ կարողանում է տարածվել, այնքան արագ վնաս է հասցնում հիվանդների առողջությանը: Իր ոտքով հիվանդանոց եկած հիվանդի մոտ կարող են ծանր հետևանքներ առաջանալ»,- նշեց բժիշկը:
Նա հայտնեց, որ ինքն էլ է վարակվել կորոնավիրուսով, ընկճվել է ոչ թե հիվանդությունից, այլ որ իր ընկերները կռվում են մարտի դաշտում, իսկ ինքը պալատում է: «Ապաքինվեցի, հաղթեցի հիվանդությանը, բայց ինձ հաղթած չեմ զգում, հաղթած կզգամ, երբ կորոնավիրուսով հիվանդ այլևս չի լինի»,- ընդգծեց նա:
Կ.Տոնոյանի խոսքով՝ այս հիվանդությունը հումոր չէ, սոցցանցերում շոուներ անելու թեմա չէ, այն ընտանիքներ է դժբախտացնում, ուստի պետք է պայքարել և հաղթել այս դաժան պատերազմում:
Բժիշկը հորդորեց կրել դիմակներ և ճիշտ կրել դրանք, ախտահանել ձեռքերը և պաշտպանել մեծերին և փոքրերին: