Մեր բոլոր բժշկական կենտրոնները շատ ակտիվ համագործակցում են նախարարության և Կառավարության հետ և բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները, և առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարման կարիք չկա: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարումն օրենսդրությունը բարելավելու նպատակ ունի, և այսօր չկա որևէ իրավիճակ, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն լինի:
Ն.Փաշինյանի խոսքով՝ այսօր առկա է տնտեսական, սոցիալական և առողջապահական խնդիրների միջև ճիշտ բալանս պահելու անհրաժեշտություն: «Մեր երկրում ապրիլին 70 հազար աշխատատեղ փակվել է, և եթե այդ իրավիճակը շարունակվեր, կոլապսի առաջ կարող էինք կանգնել: Ուստի մենք պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսի հետ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ օրերս Հայաստանում էր ԱՀԿ ներկայացուցիչը, որի գնահատմամբ՝ Հայաստանում կանոնները գոնե հիմա ունիվերսալ են, խնդիրը կանոնների պահպանման մեջ է, ԱՀԿ-ի կողմից նոր ռեկոմենդացիա չի տրվել, դրանք հայտնի 3 կանոններն են՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորություն:
«ԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ այս պահին չունենք պատվաստանյութ և հայտնի չէ՝ երբ կլինի: Պատվաստանյութը առայժմ դիմակն է»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա կրկին հայտարարեց, որ մեր մեծագույն պրոբլեմը բակերն են, թաղումներն ու հոգեհանգստի արարողությունները, ուստի պետք է բարձրացնել անհատական պատասխանատվությունը:
«Կարող է գալ մի իրավիճակ, երբ մենք գնանք համընդհանուր սահմանափակումների, որը թեև կջարդի մեր տնտեսության ողնաշարը, բայց կփրկի մարդկանց կյանքերը: որպեսզի այդ խնդիրը չունենանք, պետք է համատարած դարձնենք հակահամաճարակային կանոնների պահպանումը: Ոչ միայն ինքներդ դիմակ կրեք, այլև հորդորեք մյուսներին դիմակ դնել: Ոստիկանությունն էլ կշարունակի վարչական մեթոդների կիրառումը»,- նշեց Կառավարության ղեկավարը: