Անգլիայի պրեմիեր լիգայի 2019-20 մրցաշրջանի հաղթողի անունն արդեն հայտնի է: «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նորից նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը, որն ակումբի պատմության մեջ 19-րդն է։ Հեռավոր 1990 թվականից հետո մերսիսայդյան ակումբին չէր հաջողվում հասնել այդ արդյունքին։
Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ունի 86 միավոր և արդեն անհասանելի է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» համար, որը պարտվեց «Չելսիին» 1-2 հաշվով։ Հենց այս արդյունքից հետո էլ «մերսիսայդցիները» անհասանելի դարձան բոլորի համար։
1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չէր հաղթել այս մրցաշարում։ «Կարմիրները» բազմաթիվ անգամ մոտ են եղել հաջողությանը, ինչպես օրինակ 2018-19 թթ. մրցաշրջանում, սակայն տիտղոսին նրանք սպասեցին ուղիղ 30 տարի։