Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանին, որտեղ նշված է․
«Հարգելի Նախագահ,
Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք լիովին չեն արտահայտում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը։
Ես չեմ կարող չհիշատակել Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտությունը։ Դա իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջն է։
Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»։
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը 1lurer.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նամակի էությունն, ասաց, որ այստեղ որևէ նորություն չկա։
Արդարադատության նախարարությունը հստակ նշել է իր դիրքորոշումը, ընդգծել, որ կոնցեպտի մասով Վենետիկի հանձնաժողովի հետ կա ամբողջական համաձայնություն: Իսկ ինչ վերաբերում է կարծիքի կոնկրետ կետի իմպլեմենտացման բարդություններին, ապա նախարար Բադասյանը վերջին մեկ շաբաթում մի քանի անգամ դրանց անդրադարձել է,- ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով ՍԴ 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է` Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։