Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։ Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։
Տեսչական մարմնի մասնագետները բացատրական աշխատանքներ են կատարել քաղաքացիների հետ՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով, որ ՀՀ պարետի սահմանած համաճարակի կանխարգելման կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար։
Համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող վերահսկողական միջոցառումները շարունակվում են։