ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր՝ նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները, և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։
Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը, կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար»,- գրել է ԱԺ պատգամավորը։