Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում տեսչական մարմնի կողմից իրականացվում է առաջին անգամ: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ կասեցման ընթացքում բացելով հաստատություններն ու շարունակելով աշխատել:
Երևանում 72 ժամով ՍԱՏՄ-ն դադարեցրել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանքը, որտեղ խախտումները կրկնվել են. սեղանների և դրանց շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սահմանված 1,5-2 մետր հեռավորություն, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, բոլոր անհրաժեշտ վայրերում չէ, որ եղել են փակ աղբամաններ դիմակների և ձեռնոցների համար, և մատուցվել է նարգիլե, որի օգտագործումն արգելված է:
Անփութության պատճառով կրկնվող խախտումների պատճառով կրկնակի՝ արդեն 48 ժամով, կասեցվել է նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» ՍՊԸ-ի հանրային սննդի հատվածի գործունեությունը. այստեղ թերացել են հաստատություն մուտք գործելիս հաճախորդների ջերմաչափման հարցում, ինչպես նաև թույլ են տվել մարդկային կուտակումներ՝ անձանց միջև չպահպանելով պահանջվող հեռավորությունը:
Հանրապետությունում այսօր 24 ժամով կասեցվել է նաև մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները նաև շարունակել են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև՝ մայրաքաղաքում:
Երևանում թիրախային վերահսկողության շրջանակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններն էին: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները պարետատան համար պատժամիջոցներ սահմանելու հիմք կդառնան:
Արտակարգ դրությամբ պայմանավորված ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում ամեն օր տնտեսավարողներին տրվում են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ արդյունավետ պայքարելու համար: