Ռուսաստանի Դաշնությունում այսօրվանից մեկնարկում է երկրի Սահմանադրության փոփոխությունների վիճահարույց հանրաքվեն: Փոփոխությունները կզրոյացնեն նախագահության ժամկետները, ինչը Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին թույլ կտա իշխանության ղեկին մնալ մինչև 2036 թվականը: Թեմային է անդրադարձել Deutsche Welle պարբերականը:
Համաժողովրդական հանրաքվեն պաշտոնապես նախանշված է հուլիսի 1-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշում է կայացվել մի քանի օրով երկարաձգել քվեարկության ժամկետը, որպեսզի ընտրատեղամասերում հնարավոր լինի խուսափել մարդկանց կուտակումներից:
Երկրի ամբողջ տարածքում կբացվի ավելի քան 96500 ընտրատեղամաս:
Քվեարկության ընթացքում առաջարկվում է փոփոխել Մայր օրենքի միանգամից 22 դրույթ, սակայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են կողմ կամ դեմ քվեարկել ամբողջ փաթեթի փոփոխությանը:
Մարտի 10-ին Սահմանադրության փոփոխություններին հավանություն են տվել Պետդուման, Դաշնային խորհուրդը, շրջանների խորհրդարաններն ու Սահմանադրական դատարանը:
ՌԴ-ի գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարը չի կարող նախագահել երկու անգամ անընդմեջ: