Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խիստ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբիայում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ մեկնաբանությունները: Թեմային է անդրադարձել Anadolu գործակալությունը:
Տեղական ռադիոկայաններից մեկի ուղիղ եթերում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ հենց Ֆրանսիան է վտանգավոր խաղ խաղում Լիբիայում՝ ընդ որում, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները:
Չավուշօղլուն Փարիզին մեղադրել է Լիբիայում քաոսային իրավիճակի ստեղծմանը մասնակցություն ունենալու համար՝ նշելով, որ հյուսիսաֆրիկյան երկրում Ֆրանսիայի ներկայությունն անհանգստություն է առաջացնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի՝ Լիբիայի կառավարության աջակցությունն անվանել էր «վտանգավոր խաղ»: