ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներն ընթացել են հավուր պատշաճի, տեղի են ունեցել բովանդակային լուրջ քննարկումներ: Այդ մասին կատարողականի քննարկմանն ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Անշուշտ, այն, ինչ ասելու եմ, երևի հռետորական արվեստի տեսանկյունից նշանակություն չի ունենա, բայց արձանագրումներն անհրաժեշտ են:
ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա և առավելևս չի եղել 2019-ին, եղել են ձեռքբերումներ, որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին: Իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են որոշակի դժվարություններ, որոնք հաղթահարվել են Կառավարության նախաձեռնած սոցիալական ծրագրերով: Կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում չկա նաև տնտեսական ճգնաժամ, հակառակը՝ հատկապես 2019-ին Հայաստանի Հանրապետությունը Կառավարության, խորհրդարանի ջանքերով երկիրն աննախադեպ զարգացման ճանապարհ էր բռնել, եթե չլիներ որևէ մեկի կողմից չկանխատեսված կորոնավիրուսը: Բայց նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում, ըստ նրա, ՀՀ Կառավարությանը հաջողվում է իրավիճակը կայուն պահել:
ԱԺ նախագահի հավաստմամբ՝ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ նույնպես չկա, որքան էլ փորձեն իմիտացիա անել նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, «նրանց շրջապատող արկածախնդիրները, նրանց կողքին հավաքված մանր-մունր մարդիկ և ուժեր»:
«ՀՀ քաղաքական դաշտը ինձ հիշեցնում է մեծ շինհրապարակ, որտեղ պետք է ձևավորվեն նոր քաղաքական միտք, նոր քաղաքական ուժեր, և այս խառնարանում կորչելու են առհավետ պսևդոքաղաքական ուժերը, որոնց նպատակն էր փողը, կոռուպցիան, կաշառակերությունը: Մոտ ապագայում կտեսնենք այդ նոր ուժերին, և այդտեղ կլինեն ազնիվ, ժողովրդի բարեկեցության, բարձր արժեքներ կրող քաղաքական ուժերը:
Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,- եզրափակեց Ա.Միրզոյանը: