Այսօրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք՝ 2336 կատարված հետազոտությունից, ինչը նոր ռեկորդ է վատ իմաստով: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ բարվոք վիճակ է պացիենտների հոսպիտալիցացիայի առումով՝ 51 քաղաքացի կարիք ունի տեղափոխվելու կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից 2-ն են գտնվում տանը, 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում: Նախարարն ասաց, որ մահճակալային ֆոնդի զբաղվածության առումով մի քանի ազատ տեղեր կան, բուժման կարիք ունեցող և բուժում չստացող քաղաքացի չունենք:
Ա.Թորոսյանի խոսքով՝ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 600-ի շրջանակում է, ունենք 502 ծանր, 113՝ ծայրահեղ ծանր պացիենտ, թոքերի արհեստական շնչռական սարքին միացված է 40 մարդ: