Հայ օգնության ֆոնդից (ՀՕՖ) տեղեկացնում են, որ հիմնադրամի «Այո» հարթակը մարտի 29-ից նախաձեռնել է COVID-19 Emergency արագ արձագանքման ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս մոտ 70000 դոլարի օգնություն է ցուցաբերել կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված ընտանիքներին Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև առողջապահության տարբեր օղակներին՝ համաճարակին դիմակայելու համար։
Ապրիլի 25-ից «Այո»-ն սննդի ու հիգիենայի 2,425 փաթեթ է տրամադրել Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև Երևանի կարիքավոր ընտանիքներին, որոնք համավարակի պատճառով սոցիալական ծանր վիճակում էին հայտնվել, քանի որ կորցրել էին օրավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատանքն ու դուրս մնացել պետական սոցաջակցության ծրագրերից։ 20 կիլոգրամանոց՝ մոտ մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթները բաժանվել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահառուներին, ՀՕՖ-ի «Աջակցություն Հայաստանի երեխաներին» ծրագրի՝ Սյունիքի մարզում բնակվող հայրազուրկ երեխաներին, ՀՕՖ-ի 5 բարեգործական ճաշարանների աշխատակիցներին, Արագածոտնի մարզի Նորաշեն և Ծաղկահովիտ համայնքների մանկապարտեզների և Լոռու մարզի դպրոցների ճաշարանների աշխատակիցներին, ինչպես նաև սիրիահայ ընտանիքների։
Հունիսի 10-ին ավելի քան 21000 բժշկական պարագաներ, այդ թվում՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ձեռնոց, բժշկական խալաթ, բախիլ, ջերմաչափ և ախտահանիչ են ստացել Վայոց ձորի ու Արարատի մարզերի 12 բժշկական հաստատություններ։
«Համավարակի բռնկման և դրան հաջորդող սահմանափակումների հետևանքով շատերը կորցրին իրենց աշխատանքը, հետևաբար մեզ համար պարզ էր, որ վիճակի սրացումից հատկապես տուժելու է հասարակության առավել խոցելի հատվածը։ «Այո»-ի թիմով շատ արագ ինքնակազմակերպվեցինք և նախաձեռնեցինք COVID-19 Emergency Project-ը, որով ցանկանում էինք ամեն ինչ անել մեր քաղաքացիներին օգնելու համար։ Արագ կապ հաստատեցինք աշխատանքի և սոցիալական նախարարության հետ՝ պարզելու, թե հասարակության որ խմբերն ունեն մեր աջակցության կարիքը և պատասխանը ստանալուն պես միանգամից գործի անցանք։ Հաճելիորեն զարմացանք, երբ տեսանք, թե ինչպես են մոբիլիզացել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցները: Առավել անսպասելի էր, որ մեզ շարունակաբար դրամական նվիրատվություններ էին անում տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ գերմանացիներ, ամերիկացիներ, ավստրիացիներ և այլն։ Երկու օրում հավաքեցինք 12000 դոլար, մինչդեռ ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն հավաքել ենք ավելի քան 80000 դոլար։ Սա մեզ համար ֆանտաստիկ արդյունք է»,- ասել է «Այո» ծրագրի ղեկավար Լաուրա Գևորգյանը։