Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները, որոնք առնվազն 85 օր աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ՝ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 30-ը, և աշխատանքի չեն անցել մարտի 31-ից հունիսի 1-ը:
Նախարարի խոսքով՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Զ.Բաթոյանը տեղեկացրեց, որ այս աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, նաև նրանք, ովքեր 2020-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել նույն կամ այլ գործատուի հետ, նաև նրանք, ովքեր հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020-ի հունվարի 1-ից: