Խորհրդարանում մեկնարկել է ՀՀ ԿԲ տարեկան հաղորդման քննարկումը: Փաստաթուղթը ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը:
«ԿԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ գների և ֆինանսական կայունության իր առաքելությանը, ինչը հանդիսանում է ցանկացած երկրի տնտեսական զարգացման գրավականներից մեկը»,- ասաց ԿԲ նախագահը:
Նա հիշեցրեց, որ ԿԲ տարեկան հաղորդումը մշակվել ու հաստատվել է մարտին: «Այսինքն՝ այնպիսի ոչ բնականոն վիճակում, երբ թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում արագ տեմպերով տարածվում էր կորոնավիրուսի համավարակը: Օրեցօր վատթարացող համաշխարհային տնտեսության կանխատեսումները, նավթի միջազգային գների վայրիվերումները, ֆինանսական շուկայի տատանումները, աշխարհի և Հայաստանի առողջապահական իրավիճակի փոփոխությունը և հակահամավարակային միջոցառումների ընդունումը մեր կանխատեսումների անընդհատ վերանայման կարիք են առաջացրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ժամանակ համաշխարհային տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցության մասով տեղեկատվությունը գրեթե բացակայում էր: Ըստ նրա՝ համավարակի հետևանքով բազմաթիվ անորոշություններ են առաջացել:
Նա խոսեց նաև ՀՀ տնտեսության վրա համավարակի ազդեցության մասին: «Առաջարկի զգալի կրճատում՝ աշխատուժի առաջարկի կրճատման հետևանքով: Պահանջարկի անկում՝ ոչ առաջնային սպառման ապրանքների և այն ծառայությունների նկատմամբ, որոնք կապված են սոցիալական շփումների հետ: Այս ազդեցությունը զգալի գնանկումային է: Միևնույն ժամանակ պահանջարկի կտրուկ աճ է նկատվում առողջապահական որոշ ապրանքների նկատմամբ»,- նշեց նա: