ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ իրենք չեն միանա խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին:
«Մեր դիրքորոշումը ներկայացնելուց հետո որևէ իրողություն չի փոխվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով հունիսի 24-ին իրենց հայտարարությունը, թե այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, և բարձր ատյան կդիմեն միայն ՍԴ-ում «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո, որպեսզի իրենց գործողությունները մնան զուտ իրավական դաշտում ու չծառայեն ոչ գործող, ոչ նախկին իշխանությունների շահերին:
Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբանների հայտարարությանը, թե իրենք ՍԴ-ից հետ են վերցնում դիմումը, որպեսզի ԼՀԿ-ն չկաշկանդվի ԲՀԿ ստորագրահավաքին միանալու հարցում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մանրամասնեց՝ գործը, անկախ պաշտպանների՝ դիմումը հետ վերցնելու հանգամանքից, ՍԴ-ում քննվելու է:
«Լսեցինք հայտարարությունը, իմ լավ բարեկամներ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում, բայց չպատասխանեցին այն հարցին, թե ինչ կապ ունի իրենց հետ վերցնելը այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Այդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է այդ նույն հարցով դիմել: Եվ Սահմանադրական դատարանը դատարանի և պաշտպանական կողմի դիմումների հիման վրա էր քննության օր նշանակել»,-ասաց Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Քոչարյանի փաստաբանները շատ լավ գիտեն, որ այդ գործընթացը իրավական գործընթաց է և չի կարելի այն քաղաքականացնել: «Իրենք այս քայլով ուզում են քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ: Եթե դա է նրանց հետապնդած նպատակը, ես պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ այս գործընթացով երևույթը՝ որպես այդպիսին, չի դադարում քաղաքական լինելուց, ավելին՝ ավելի է խորանում քաղաքական կոմպոնենտը: Հետևաբար, նորից ենք ընդգծում, որ մենք պատրաստ ենք մեր ասած պայմանից հետո անմիջապես մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,- ասաց Սիմոնյանը: