«ՀՀ-ում հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական կամքի շնորհիվ որևէ մեկին չի թույլատրվել ընտրակաշառք բաժանել: Փաստ է, որ ոստիկանությունը աչք չի փակել»: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիներն ամեն ինչ շատ լավ գիտեն, թե ով, երբ և որքան է ընտրակաշառք բաժանել: Սիմոնյանն ասաց, որ կարող են հրապարակային տեղեկություններ ասել, բայց դրանց բացահայտման համար իրավական փաստի կարիք կա:
«Մի քանի օր առաջ մենք այստեղ զրուցում էինք Հանրապետականի հետ կապված ընտրակեղծարարության մեխանիզմների մասին: Այսօր վարչապետը հնչեցրեց նաև դրա հետ կապված տեղեկություն, որը, չեմ բացառում, որևիցե ձևով մենք մոտ ապագայում քրեական գործում տեսնենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ընդդիմության՝ Ծառուկյան, Վանեցյան, Քոչարյան, ՀՅԴ և այլն, հնարավոր միավորման մասին հարցին Սիմոնյանը պատասխանեց.
«Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում: Նշված բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր: Միակ մտահոգությունս այն է, որը, կարծում եմ՝ ինձ մոտ ավելի շատ բարոյական մտահոգություն է, ժողովրդի զայրույթն է: Ժողովրդի, որը չի կարող այլևս հանդուրժել, որ իրենց գժի տեղ դնեն կամ փորձեն կրկին խաբել»:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նրանք ընդդիմադիր դաշտը լցնում են իրենցով՝ գումարի հաշվին, և չեն թողնում, որ ընդդիմադիր ուժերը, որոնք անցյալի հետ որևէ ուղղակի կամ միջնորդավորված կապ չունեն, կայանան: