Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում, դիմելով առողջապահության նախարարին, հետաքրքրվեց, թե նոր դեպքերի ախտորոշումները որքանով են իմացած թվի շրջանակում, ինչքանով է այդ թիվը մեծանում վարակի տարածման առումով:
Նախարարն ասաց, որ եթե նույնիսկ բոլորին ֆիզիկապես հնարավոր լինի հետազոտել, միևնույն է՝ չեն կարող հայտնաբերել բոլոր վարակվածներին, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ կարող են վարակված լինել, օրինակ՝ այսօր, բայց նրանց մոտ վիրուսը հնարավոր է հայտնաբերվի 4-5 օրից: Շեշտեց՝ տեսականորեն ու գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել:
«Մենք, օրինակ՝ մեր հաստատված դեպքերի թվից տոկոս ենք հանում և ստանում ենք երեկվա դրությամբ դեպքերը, օրինակ՝ 1.7 տոկոս: Սակայն գիտենք, որ ավելի ծանր տարած երկրներում հաշվարկել են հակամարմինների առկայությունը շատ խոցված բնակավայրերում և ստացել են, որ իրականում մահաբերությունը տատանվում է 0.3-0.4-ի սահմաններում, և մենք բազմապատկում ենք մեր ունեցած մահերի թիվը այդ տոկոսին ու ստանում ենք այդ 60-100 հազարը»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ 400 կորոնավիրուսային հիվանդությամբ մահերից կարող են 0.4-ով հաշվելու դեպքում մոտավորապես ստանալ մոտ 100 հազար դեպք: Ասաց՝ այդ թիվը երբևէ եղած դեպքերն են, ոչ թե այս պահին: «Դժվար է ասել, որ մենք այս պահին ունենք 100 հազար վարակակիր, մենք ունենք ավելի քիչ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ հայտնելով, որ կա ակնհայտ տենդենց՝ երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի շրջանում տարածվածության տեմպը չի աճում, իսկ տարեցների մոտ հակառակը՝ որքան տարիքը բարձրանում է, այնքան տեմպն աճում է: