«2019 թվականի պետբյուջեի կատարողականի լավագույն գնահատականը տվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նախորդ տարին անվանելով ոսկե տարի: Դա ասվել է ընդամենը մի քանի ամիս առաջ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի քաղաքական մեկնաբանություններին:
Մակունցն ընդգծեց, որ 2019-ին Կառավարությունը միտված է եղել մեկ տարվա ընթացքում լուծելու տասնյակ տարիներով բարձիթողի եղած խնդիրներ: Դրանք եղել են թե՛ բանակում, թե՛ ճանապարհաշինության, առողջապահության, սոցիալական ոլորտներում, Բաքվից գաղթած ընտանիքների խնդիրները լուծելու և այլ հարցերում:
«Ընդդիմությանը շնորհակալություն եմ հայտնում քննադատությունների և դիտարկումների համար: Դա մեզ միայն օգնում է: Միևնույն ժամանակ չեմ կարող անհամաձայնություն չհայտնել մի քանի դրվագներով: Նախ՝ քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտո՞ւմ է, թե՞ ոչ: Ընդդիմության իրավունքն է՝ բոյկոտել, մասնակից լինել խորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին, քվեարկություններին կամ ոչ: Ինչո՞ւ է բոյկոտում, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Միգուցե համաձայն չէ կամ իր դժգոհությունն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ, գուցե դրանով փորձում է պատժել քաղաքական մեծամասնությանը, որը հնարավորություն տվեց իրավապահ մարմիններին լիարժեք կերպով քննել գործը՝ առանց անմեղության կանխավարկածը խախտելու»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընդդիմախոսներին լռեցնում են, ասաց՝ եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում են ընդդիմությանը լռեցնել, ուրեմն ազնիվ չեն առնվազն իրենց ձևակերպումներում՝ ՀՀ քաղաքացիների հետ իրավական պետություն ստեղծելու առնչությամբ:
«Դուք ասում եք, որ ընդդիմությանը ճնշում են, բռնություն են գործադրում՝ մեջբերելով մի քանի ամիս առաջվա հայտնի դեպքերը (ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին- խմբ.): Ես պնդում եմ, որ դուք կոնֆլիկտի կողմ եք և ոչ թե զոհ: Դա ցույց են տալիս բոլոր տեսախցիկները: Դա ցույց է տալիս ամիսներ շարունակ ձեր վարքագիծը: Ընդդիմադիր թերթերին լռեցնելու մասին եք խոսում, պնդում եմ՝ մամուլ կարդացեք և տեսեք՝ քանի՞ տոկոսն է այնտեղ, որ իշխանությանը, քաղաքական մեծամասնությանը գովերգում է, և քանի տոկոսն է, որ քննադատում է: Ընդ որում, քննադատում են ոչ այնքան փաստերի հիման վրա, այլ հորինված թեզերի»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ ում գոյություն չունի ճգնաժամ, դժվարությունները պայմանավորված են համավարակով: