Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Անհայտ անձինք նույն օրը, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։
Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ էին ձեռք բերել, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվել էր դարանակալում։
Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածյալները եկել են թիթեղների հետևից։ Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնել են հենց համալիրի տանիքի վրա։ Երևանում բնակվող երիտասարդներին բերման են ենթարկել Մալաթիայի բաժին։
Խոշոր համալիրները հագեցած են անվտանգության ժամանակակից ահազանգման համակարգերով ու տեսախցիկներով, բացի այդ, մշակութային համալիրների նկատմամբ ցանկացած նմանօրինակ հանցավոր ոտնձգություն արժանանալու է ոստիկանության հետևողական հակազդմանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: