Կոտայքի մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝ սուբվենցիաների ստացման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած չորս ծրագրային հայտերի շրջանակներում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում կիրականացվեն՝
-
Մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Հիշեցնենք, որ այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել Կառավարություն, որն էլ հաստատվել էր, և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում: Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։ Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն կդառնա արդեն 2020 թվականի հաստատված սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվեն ցանկապատ, խաղահրապարակ, և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:
-
Մեկ այլ հաստատված ծրագրով կգազաֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
-
Հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինչպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար՝ հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները:
Մարզի ղեկավարի դիտարկմամբ՝ համայնքներում առկա խնդիրները հնարավոր էր լուծել շատ ավելի վաղ, ինչի համար անհրաժեշտ էր ամուր կամք, համայնքային միջոցների սրտացավ և նպատակային կառավարում և հոգատարության դրսևորում հայրենիքի, համայնքի և նրա բնակչի նկատմամբ: