Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նշենք, հունիսի 22-ին խորհրդարանը 89 կողմ ձայնով ընդունեց ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Փոփոխության արդյունքում կդադարեցվի ՍԴ երեք անդամի պաշտոնավարումը, ՍԴ չորս անդամները կշարունակեն պաշտոնավարել: Նախագծի ընդունմամբ՝ ՍԴ նախագահի լիազորությունները կդադարեցվեն, սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի գործել որպես ՍԴ անդամ:
Հունիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ի ժամը 00։01-ից։