ԲԴԽ-ն ավարտել է Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Իսկ ԲԴԽ որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին:
Հիշեցնենք՝ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել արդարադատության նախարարությունը: Միջնորդության առիթ է հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումը, ըստ որի՝ դատավորը դատական նիստին իր հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ:
«Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը»,- ասել էր դատավոր Ազարյանը։
Արդարադատության նախարարությունում այս կապակցությամբ հարուցվել էր վարույթ: Ըստ նախարար Ռուստամ Բադասյանի՝ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել:
Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծիք է հայտնել, որ այսպես փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։
Իր ամփոփիչ ելույթում նախարար Բադասյանն այսօր հակադարձել է. «Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ունի բացառապես իրավական հիմք, և որևէ այլ դրդապատճառ չկա։ Մենք թե´ պարոն Ազարյանի, թե´ ցանկացած այլ դատավորի կողմից արդարադատության իրականացումը և անկախության երաշխավորումը կասկածի տակ չենք դնում»: