ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԿԸՀ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությանը: Նա հիշեցրեց՝ 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին սատարող տնօրեններն ինչպես էին ձայներ հավաքում, և տարածքային հանձնաժողովի անդամներից մեկն օժանդակում էր այդ գործին: «Այդ մարդը դեռ նույն պաշտոնում է»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2015 թ. Գյումրիում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելիս պարզել է, որ ընտրացուցակում իր փոխարեն արդեն ստորագրել ու քվեարկել են: «Ոչ ավել, ոչ պակաս՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն էր այդ հանցանքը կատարողը, և երբ ես հատուկ դիմում ու արձանագրություն թողեցի, իսկ հետո հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցի ընթացքի մասին, ասաց՝ իմ դիմումը պատռել են: Բնականաբար, ես հետևողական եղա, ՀՔԾ-ում գործը քննվեց, մեղավորները պատժվեցին»,- հիշեցրեց պատգամավորը: Նա տեսակետ հայտնեց, որ առանձին անձինք փորձում են ստվեր գցել ընդհանուր աշխատանքի վրա: