2019-ին պետական բյուջեում ամենաչկատարվածը, ըստ վարչապետի, կոռուպցիոն գումարների վերադարձն է, որն առաջին հերթին առնչություն ունի անվտանգության ոլորտի հետ:
«Ես ասել եմ, որ մենք պետք է առաջիկա տարիներին 1.5-2 միլիարդ դոլար ի վիճակի լինենք դնել զինված ուժերի անվտանգության վրա, և դրանք պետք է գոյանան կոռումպացված գումարների վերադարձից: Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը, և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվել, որը շուտով կսկսի կիրառվել: Կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով, բայց ունենք նաև իրավական բնույթի խնդիրներ, որոնք պետք է լուծենք:
Մենք ասում ենք, օրինակ՝ «Ձորահէկը» գողացել է Սերժ Սարգսյանի ընտանիքը, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Հիլթոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա սյուիթ» հյուրանոցը ձերն է, Հայաստանի լրատվական դաշտը սեփականատերերից ըստ էության զոռով խլել եք՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, այլ հեռուստաընկերություններ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց՝ ընտրությունների կեղծման համակարգ է եղել, որը ղեկավարել է Սերժ Սարգսյանի ընտանիքը:
«Սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած էքզիտ փոլերով, վերջացրած կոնկրետ ընտրատեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելուց: Էն որ ասում էին՝ էսինչ ընտրատեղամասում ընտրակեղծիք է, բոլոր լրատվամիջոցները վազում էին այնտեղ, դա Սերժ Սարգսյանի ընտանիքի ծրագիրն ու պլանն է եղել, որ բոլորին կենտրոնացնեն մեկ տեղամասում, իսկ մյուսներում էդ ընթացքում շաղգամն իր գործն անում էր: Ու դա վերնագրվում էր ուրիշի անձնագրով քվեարկության փորձ»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով իր և իր ընտանիքի մաքսանենգության մասին հայտարարություններին՝ վարչապետը նշեց, որ ուզում են իրենց կերպարը ստանալ:
«Իրենք հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը, և քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն իրենց նման մի եղկելի կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց էդ նպատակը չի անցնի: Մտածում եք՝ փողի մեջ է ուժը, ոչ, ճշմարտության մեջ է ուժը: Եվ որևէ կասկած չկա, որ այդ կոռումպացված ուժը բոլորին իրար հետ մեկ զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի, որովհետև մեր թիկունքում, մտքում և մեր սրտում կա մի բան, և դա ճշմարտությունն է»,- նշեց վարչապետը: