2020-ի հունիսի 24-ին կազմվել է 1707 վարչական արձանագրություն, 939-ը՝ Երևանում: Այդ մասին Կառավարության նիստում ասաց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Նրա խոսքով՝ բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն:
Ոստիկանապետը նշեց, որ մեկ օրում ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղիներում: «Խնդիրը բակերում իրավիճակն է, շեշտը դրված է հենց բակերում վերահսկողության վրա»,- ասաց Վ.Ղազարյանը: Նա նշեց, որ վերահսկողական աշխատանքներին ներգրավված է այլ գերատեսչությունների 433 աշխատակից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական օջախները բակերն են, շենքերը և թաղամասերը: «Պետք է ուշադրություն դարձնենք բակերին, հատկապես՝ երեկոյան ժամերին, և այստեղ մեծ աշխատանք պետք է կատարեն ՏԻՄ-երը»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը կրկին կոչ արեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատանա: